25/01/2020 12:42
Էնպես արձագանքեցին Ամանորը հրապարակում նշելու կոչիս, որ կարծեցի՝ իրենց 70 տոկոսը թիֆլիսահայ է, հայրական օջախները Թիֆլիսում են գտնվում. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կապանում 100 նոր փաստ նոր Հայաստանի մասին ներկայացնելիս, անդրադարձավ նաև թատրոններ այցելությունների թվին, ասելով, որ Ամանորի օրերին 25 տոկոս աճել են թատրոններ այցելողների թիվը։
Փաշինյանը չշրջանցեց նաև Նոր տարին Հանրապետության հրապարակում դիմավորելու իր կոչը, ասելով, որ Հայաստանը պետք է գրավիչ դարձնել Ամանորը նշելու համար։
«Երբ Ամանորի նոր տրամաբանությունը ներդնում էինք, մարդիկ կային էլի որոշել էին մեզ մեղադրել ապազգային քաղաքականության մեջ։ Ասում էին՝ ինչպե՞ս կարելի է մարդկանց հրավիրել թատրոն, ինչպե՞ս կարելի է հրավիրել հրապարակ՝ համերգի։ Չէ՞ որ դա ընտանեկան տոն է և այդ տոնը պետք է նշել հայրական օջախում։ Էնպիսի տպավորություն էր, որ էդ ասողների իշխանության տարիներին Հայաստանի 70 տոկոսը թիֆլիսահայ էր, այսինքն հայրական օջախները Թիֆլիսում էր գտնվում։
Իհարկե, այս տարի էլ մեր շատ հայրենակիցներ գնացել են Ամանորը Վրաստանում նշելու, բայց մենք ուզում ենք, որ Վրաստանի, Միացյալ Էմիրություննների, Իտալիայի և մյուս երկրների նման Հայաստանը նույնպես գրավիչ դարձնել Ամանորը նշելու համար», - ասաց նա։
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց սփյուռքի հայրենակիցներին, որ լսել են իր կոչին և եկել են Ամանորը Հայաստանում նշելու։
«Վիճակագրության կարիք չկա, քանի որ երբ դեկտեմբերի 31-ին շրջում էի փոքր կենտրոնում, բոլոր կողմերից լսում էի արևմտահայերեն խոսք։ Սրճարաններում ներկաների 70-80 տոկոսը սփյուռքահայեր էին», - ասաց նա: