25/01/2020 13:55
ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի ժ/պ-ներ նշանակելով ասել եմ՝ չեմ գնալու այլ թեկնածուներ փնտրելու. Փաշինյան
Եթե որոևէ մեկը նշանակվում է ԱԱԾ տնօրենի կամ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իրենք այդ ընթացքում նստում, աշխատում են իրենց տեղակալի աշխատասենյակում։ Երբ ես Էդուարդ Մարտիրոսյանին և Արման Սարգսյանին նշանակել եմ համապատասխան պաշտոններում, անձամբ երկուսին էլ ուղեկցել եմ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի սենյակ և ասել, որ այնտեղ աշխատեն, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ մինչ այս պահը ոստիկանապետ և ԱԱԾ տնօրեն նշանակված չեն։
«Ես նրանց ասել եմ, որ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելով՝ չեմ գնալու այլ թեկնածուներ փնտրելու։ Ասել եմ՝ ես իմ բաժին որոշումը կայացրել եմ, հիմա դուք վեց ամսվա աշխատանքի ընթացքում պետք է կայացնենք ձեր բաժին որոշումը։ Այսօր ՀՀ ոստիկանության համակարգի, ԱԱԾ համակարգի և վարչապետ միջև կա լիարժեք փոխադարձ վստահություն», - հավաստիացրեց գործադիրի ղեկավարը։
Վարչապետը միաժամանակ տեղեկացրեց, որ ոստիկանությունում և ԱԱԾ-ում մասշտաբային բարեփոխումներ են մեկնարկում, ինչի արդյունքում դրանք դառնալու են շատ ավելի ուժեղ և պրոֆեսիոնալ կառույցներ։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս պահի դրությամբ ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարների աշխատանքը գոհացնում է իրեն։