25/01/2020 13:44
Կարող ա մի մարդ ստացել է բնակարան, կազինոյում խաղացել-պատվել ա, ինչո՞ւ պետք ա մենք իրան բնակարան տանք. Փաշինյանը՝ Գյումրիի տնակների խնդրի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփիչ ասուլիսում անդրադարձավ Գյումրիի տնակներում ապրող քաղաքացիներին բնակարանով ապահովելու հարցին: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ի՞նչ ծրագրով է լուծվելու այդ հարցը՝ բնակարանների գնման վկայագրո՞վ, թե՞ բնակարանաշինությամբ.
«Դեռ պետք է պարզենք՝ պե՞տք է բնակարանի գնման վկայագիր տանք: Եթե այդ տնակում ապրող մարդը, որ Գյումրիի հարևան գյուղերից մեկում ունի առանձնատուն կամ տուն, թողել եկել է այդտեղ է ապրում, որովհետև հնարավորություն է տեսել ու այդ տնակի նախկին տիրոջը, ով բնակարան է ստացել, սիմվոլիկ գումար է տվել, որ գա այդ տանն ապրի, մենք ինչո՞ւ պիտի նրան բնակարանի գնման վկայագիր տանք: Կարող ա պարզվի, որ այնտեղ ոչ մեկի նկատմամբ պետությունը պարտավորություն չունի», - պատասխանեց վարչապետը։
Փաշինյանն ընդգծեց՝ այս տարվա 3 մլրդ ծրագրով լուծվում են բոլոր այն քաղաքացիների հարցերը, ում նկատմամբ պետությունը «դե յուրե» արձանագրված պարտավորություն ունի.
«Կարող ա մի մարդ պետությունից ստացել է բնակարան, հետո գնացել կազինոյում խաղացել ա, պատվել ա, հետո ստիպված տունը կորցրել է, եկել այդտեղ ա ապրում, իսկ ինչո՞ւ պետք ա մենք իրան բնակարան տանք: Հիմա ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր կազինոյում պարտվել են, բնակարան են վաճառել, իրանց տո՞ւն ենք տալու, կամ որ կողքի գյուղում տուն ունի, ուղղակի մտածել ա, որ տնակում պիտի ապրի: Եթե արձանագրվի դեպք, որ պետությունը ունի պարտավորություն, կարձանագրենք ինչքան դեպք կա, պետությունը կտա այդ փողը՝ պայմանով, որ նույն պահին այդ տնակը քանդվում ա, և իրենք այդտեղից դուրս են գալիս», - ասաց Նիկոլ Փաշինյանը։