25/01/2020 12:47
Բալային համակարգը միտված է ՀՀ քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը. Փաշինյան
2020թ.-ի հունվարի 1-ից գործարկվել է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը, որի նպատակն է բարձրացնել երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության արդյունավետությունը՝ բացառելով նախկինում գործող քաղաքացիներին հետապնդելու և տուգանելու նպատակադրման բաղադրատարրը: Այսօր՝ նոր Հայաստանի մասին 100 նոր փաստ ներկայացնելիս, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նոր համակարգը միտված է վարչական իրավախախտումների ընդհանուր և անհատական կանխարգելմանը, վարչական պատասխանատվության միջոցների ուղղիչ գործառույթի ապահովմանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը:
«Ես հայտարարել եմ, որ ՀՀ քաղաքացին չպետք է տուգանելու «մատերյալ» լինի։ Այդ հայտարարությունը կյանքի է կոչվել։ Մենք քաղաքացուն ասում ենք ՝ պրոբլեմ չունես՝ տուգանվի, էլի տուգանվի, ինչքան շատ տուգանվես՝ մեր օգուտն է։ Ասել ենք՝ եղբա՛յր, եթե մի քանի անգամ տուգանվում ես, ուրեմն երթևեկության անվտանգության հետ կապված պրոբլեմ ես ստեղծում, դրա համար քեզ զրկում ենք վարորդական իրավունքից», - իր խոսքն ամփոփեց վարչապետը։