27/01/2020 13:17
Սատանան մանրուքների մեջ է. Նիկոլ Փաշինյանը պատմեց գրիչի, Վահե Գրիգորյանի նամակի և ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Այսօր Հանրապետական կուսակցության անդամները երկրից երկիր են գնում, միջազգային կազմակերպությունից միջազգային կազմակերպություն են գրում՝ արձանագրելու համար, որ Հայաստանի իշխանությունները հետապնդման են ենթարկում ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանին և անձնական հաշվեհարդար են տեսնում, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով նախօրեին արած իր գրառմանը, թե ապացույցներ կհրապարակի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ իրեն ամենօրյա ռեժիմով ծառայություններ առաջարարկելու մասին, ապա հրապարակեց գրիչի լուսանկար, որն իրեն Հրայր Թովմասյանն է տվել, Փաշինյանն ասաց, թե «սատանան մանրուքների մեջ է»։
«Գրիչն այն սիմվոլն է, որը ցույց է տալիս, որ մենք կարող էինք ՍԴ-ն առնել կոնտրոլի տակ», - ասաց վարչապետը։
Փաշինյանն ասաց նաև, թե հեղափոխությունից հետո իրեն զեկուցել են, որ Հրայր Թովմասյանը կեղծիքներով է ընտրվել, ապա ավելացրեց. «Բայց այս ընթացքում քանի դեռ շատ թե քիչ հաստատված ու տրամաբանված բան չկար, մենք այս թեմայով ոչ մի քայլ չենք ձեռնարկել»։
«Երբ ժամանակ ունեցա, հրավիրեցի այն մարդկանց, ովքեր էդ ինֆորմացիային տիրապետում են, ու ասացի, էդ որ ասում եք, մի հատ նորմալ բացատրեք հասկանամ, թե ինչ ա կատարվում։ Սա ինձ համար պրինցիպիալ հարց էր, քանի որ ասել էինք, որ պետք է օրինականության վրա հենվենք», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե տվել է հանձնարարական՝ հասկանալ, դա ինչ է և ինչի մասին է։
«Այդ ընթացքում ես ստանում եմ հետ ազդակներ, որ այ եթե մենք այս հարցերով զբաղվենք, պրոբլեմներ կունենանք, լարվածություն կառաջանա, ինչի ենք անիմաստ բզբզում։ Այդ ժամանակաշրջանում էր, որ ի հայտ եկավ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի նամակը, և թեման, որ ՍԴ նախագահի կարգավիճակն օկուպացված է, դարձավ հանրամատչելի։ Եվ այդ նամակի վրա սկսեցին գալ ամենատարբեր ինֆորմացիաներ։ Եվ այն ժամանակ, երբ ՍԴ նախագահի համար ակնհայտ էր, որ իշխանությունը ոչ մի կերպ չի համաձայնում իր կողմից արած կեղծիքները կոծկել, ՍԴ նախագահը սկսեց քաղաքական դաշտում իր համար որոշակի պաշտպանություն փնտրել, և ըստ էության այդ պաշտպանություններն ուղղված էին ՀՀ պետական շահերի դեմ։ Արդյունքում ինչ եղավ, հարուցվեց քրեական գործ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։