27/01/2020 12:18
Վարչապետ Փաշինյանը, լեզուս էլ չի ֆռում ասեմ վարչապետ, էդ պաշտոնը զբաղեցնող անձը որևէ հարցում չունի հայեցակարգ, բացի քանդելու հարցում. Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարող է նոր Հայաստանի մասին հազար հակափաստարկ բերել։
«Կարող եմ 1000 փաստ ներկայացնել, բայց հակափաստարկ, բայց քանի որ պարոն վարչապետը կամ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անհատը, ամեն ինչ անլրջացրել է, ամեն ինչ հավասարեցրել է խոզի բդի, հնդուշկի, զուգարանների, բլինչիկների մակարդակի կամ ճտիկով գրիչի մակարդակի, անլուրջ եմ համարում այսօր խոսել որևէ փաստարկից», - լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, թե կա գործադիր իշխանություն ու ղեկավար, որը հասարակությունը բաժանում է սևերի ու սպիտակների։
«Վարչապետն իր իրական դեմքը ցույց տվեց ձեր հարցերին ի պատասխան», - ասաց Շարմազանովը՝ նկատի ունենալով շաբաթ օրը Կապանում տեղի ուենցած վարչապետի մամուլի ասուլիսը։
Նա ասաց, թե Նիկոլ Փաշինյանին չի կարելի քննադատել, միայն՝ Ներոնի նման գովել։
«Իսկ Ներոնի ճակատագիրը շատ տխուր է ավարտվում», - ասաց նա։
ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը «փուռն է տալիս» Արցախի ընտրություններում Արցախի նախագահի թեկնածուներին։
«Ինքը դեմ ա տալիս, ասում ա ձեր կարծիքն ասեք, կներես, ես հիմա ուզում եմ քեզ չելենջ անեմ՝ բա քո կարծիքը ո՞րն է Ղարաբաղի հարցում, որևէ մեկդ Փաշինյանից լսե՞լ եք որևէ կարծիքը, վաղը բանակի օրն է, հրապարակի քո հայեցակարգը Ղարաբաղի հարցում։ Վարչապետ Փաշինյանը, լեզուս էլ չի ֆռում ասեմ վարչապետ, էդ պաշտոնը զբաղեցնող անձը որևէ հարցում չունի հայեցակարգ, բացի քանդելու հարցում, ինքը դասական քանդում է ամեն ինչ», - ասաց Շարմազանովը։