28/01/2020 22:45
Սա թատրոն է, որի մաս չեմ ուզում կազմել. Արթուր Դանիելյան
Հարցաքննություն չի եղել։ Ես երկու-երեք ժամ շատ անհարմար դիրքով նստած էի, իմ մոտից թմրանյութ չեն գտել, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասաց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը՝ անդրադառնալով իրեն բերման ենթարկելու դեպքի մանրամասներին։
«Սա թատրոն է, որի մաս չեմ ուզում կազմել։ Ֆիքված ժամին ինձ և մյուսներին բաց թողեցին», - ասաց նա՝ հիշեցնելով, որ բերման ենթարկվելու ընթացքում ձեռքի վնասվածք է ստացել։
Հաղորդման հյուրերից Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր հերթին նկատեց, որ վերջին օրերին երկրում տեղի ունեցող իրադարձությունները նման են աբսուրդի թատրոնի։
«Իշխանությունն այսօր չի հասկանում, որ պետության ղեկավար է։ Մի իրավիճակ է, որ պետք է ասենք՝ «Էս ո՞ւր ենք ընկել»։ Իշխանության խնդիրնն այն է, որ նրանից պետք է ոչ թե վախենան, այլ հարգեն։ Այսօր հակառակն է. մի կողմից կարող է՝ լավ քայլեր են արվում, բայց մյուս կողմից դրականը սևացվում է։ Այսօրվա իրադարձություններով փառապանծ հայկական բանակի տոնակատարության օրը հարամ արեցին։ Ի՞նչ է՝ ուրախացնում ենք մեր հարևանների՞ն», - ասաց բանախոսը։
Իրավապաշտպան Արսեն Բաբայանն էլ նկատեց, որ ի դեմս Արթուր Դանիելյանի և Նարեկ Սամսոնյանի՝ այսօր բերման են ենթարկվել այս իշխանության ամենակոշտ քննադատներից մի քանիսը։
«Վարչապետն ասում էր՝ սևազգեստներին պետք է փռենք ասֆալտին։ Այսօր փռեցին ասֆալտին», - ասաց նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դիմակավորված անձինք շենքի բակից բերման են ենթարկել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ բերման էին ենթարկվել ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանն ու միաբանության երեք անդամները։