
28/01/2020 15:03
Միանշանակ, քաղաքական ենթատեքստ կա. Միհրան Հակոբյանը՝ Մալյանին բերման ենթարկելու մասին
Նարեկ Մալյանը երբևիցե չի հրաժարվել ներկայանալ ո՛չ ոստիկանություն, ո՛չ քննչական մարմիններ, և հանրությունը սրա մասին պետք է տեղյակ լինի, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը։
«Հանրությունը պետք է տեղյակ լինի՝ ինչ է կատարվում ներկայիս Հայաստանի Հանրապետությունում։ Մարդուն կարելի է առանց հրավիրելու և տեղյակ պահելու, որպես ծայրաստիճան վտանգավոր հանցագործի բերման ենթարկել՝ ասֆալտին տալով, ձեռնաշղթաներ հագցնելով, այն դեպքում, երբ վերջերս տեսանք, թե շենք գրոհած զինված մարդուն ինչպես թանկարժեք մեքենայով, դուռը բացելով ուղեկցեցին ոստիկանության բաժանմունք։ Սրա գնահատականը պետք է հանրությունը և միջազգային հանրությունը տան։ Այս «մասկի շոուն», որ կազմակերպվել է...», - ասաց Միհրան Հակոբյանը։
Նա նշեց՝ այս ամենում միանշանակ քաղաքական ենթատեքստ կա։
«Հայաստանում այսօր հենց քաղաքական ենթատեքստերով են տեղի ունենում նման՝ բերման ենթարկելու իրադարձություններ։ Սա միայն Նարեկ Մալյանի դեմ չի ուղղված, սա ուղղված է բոլոր այլախոհների դեմ», - ասաց Միհրան Հակոբյանը։