29/01/2020 11:48
Միանգամայն հնարավոր է, որ իմ թիմակիցների ազատության համար պայքարը վերաճի քաղաքական շարժման. Ռոբերտ Քոչարյան
Մարդկանց համոզմունքն իրենց իրավացիության մեջ և պայքարի ու զրկանքների պատրաստակամությունը կարևորագույն պայման է ցանկացած քաղաքական պայքարի համար, Yerevan.Today կայքի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հարցին, թե կարո՞ղ է իր կողմնակիցների և թիմակիցների՝ ազատության համար պայքարը վերաճել քաղաքական շարժման, և այդ հարցում ի՞նչ դեր կունենա Աղվան Վարդանյանի կողմից համակարգվող հանձնախումբը, Ռ. Քոչարյանը պատասխանել է.
«Դա միանգամայն հնարավոր է։ Մարդկանց համոզմունքն իրենց իրավացիության մեջ և պայքարի ու զրկանքների պատրաստակամությունը կարևորագույն պայման է ցանկացած քաղաքական պայքարի համար։ Նման մարդիկ մեր ճամբարում շատ են։ Համատեղ աշխատանքը մարդկանց մոտեցնում է, թիմային զգացողություն է ձևավորում և փոխգործակցության փորձ է ստեղծում։ Միավորվելով կազմակերպչական կառույցում՝ նրանք դառնում են իրական քաղաքական ուժ: Ստեղծված կոմիտեի վերաֆորմատավորումը քաղաքական միավորի միայն տեխնիկայի հարց կդառնա, եթե, իհարկե, նրանք դա ցանկանան: Քրեական գործի և, ընդհանրապես, դատական գործընթացի հետ կապված իրավիճակը ցույց է տալիս երկրի դատաիրավական համակարգի ամբողջական կոլապսը։ Արդարադատության հասնել այնտեղ, որտեղ դրա նշույլն անգամ չկա, կարող է ինչ-որ պահի անիմաստ թվալ։ Ուստի չի կարելի բացառել նրանց ակտիվ մասնակցությունը քաղաքական շարժմանը՝ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար», - ասել է Ռոբերտ Քոչարյանը։