29/01/2020 20:09
Բեքարյան. Իշխանությունների վտանգավոր և ոչ կոմպետենտ լինելը. ԱՄՆ-ի դեսպանը հանդիպում է Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներին
Հասարակական–քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ԱՄՆ-ի դեսպանի հանդիպմանը Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ:
«Այն ամենը, ինչ պետք է վերջապես հասկանալ ներկա իշխանությունների վտանգավոր և ոչ կոմպետենտ լինելու վերաբերյալ.
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ԱՄՆ-ի դեսպանը հանդիպում է Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ...
Հանդիպումը կազմակերպվում է նույն օրը, երբ հանդիպում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները:
Հիշեցնենք, որ մինչ այդ մյուս երկու համանախագահ երկրները՝ Ռուսաստանն ու Ֆրանսիան, նույնպես քայլեր էին արել այդ հորինված համայնքի լեգիտիմացման ուղղությամբ», - գրել է Բեքարյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ժնևում տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: