30/01/2020 00:25
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ ՀՔԾ-ում «թխվող» քրգործի վերաբերյալ Հ1-ի «ռեպորտաժը» իշխանության և հանրային միջոցների չարաշահման ակնհայտ դրսևորում է. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ ՀՔԾ-ում «թխվող» քրգործի վերաբերյալ Հ1-ի «ռեպորտաժը» իշխանության, եթերի, հանրային միջոցների չարաշահման ակնհայտ դրսևորում է՝ ուղղված Սահմանադրական դատարանի նկատմամբ վերահսկողություն սահմանելու՝ իշխող ուժի հակաիրավական նպատակին։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Վաղն առավոտյան «Իրավական ուղի» ՀԿ-ում կքննարկենք իրավական արժեքներն ու պետական հաստատությունները ոտնատակ տվող այս հերթական դրսևորումը միջազգային գործընկերների առջև պատշաճ ձևով բարձրաձայնելու հարցը։ Իսկ Հ1-ը լավ կանեք վերանվանեք Ք1 (քարոզչական հեռուստաընկերություն)», - նշել է Մելիքյանը։
Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը, նշելով, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում այսօր եթեր է հեռարձակվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գեղարվեստական ոճով պատրաստված ռեպորտաժ, որը հանրությանը ոչ հավաստի տվյալների, քրեական գործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է։