31/01/2020 14:27
Արցախյան հարցի շուրջ ունենք հստակ բովանդակային բանակցություններ. Փորձագետ
Արցախյան հարցի շուրջ ունենք հստակ բովանդակային բանակցություններ, որոնց համար նույնիսկ ժամանակացույց և օրակարգ է համաձայնեցվում: Այդ մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը:
«Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը երկու օր տևեց՝ ընդհանուր մոտ 10 ժամ, ինչն աննախադեպ է իր բնույթով: Եվ համատեղ հայտարարության մեջ էլ հստակ ամրագրվեց, որ քննարկվել են բովանդակային հարցեր: Այսինքն ունենք հստակ բովանդակային բանակցություններ, իսկ մեր պաշտոնական աղբյուրները հետևողական խուսափում են այդ բառն արտասանելուց, նույնիսկ ԱԳՆ խոսնակը համառորեն դա հանդիպում էր անվանում»,- նշել է նա:
«Համատեղ հայտարարության մեջ ամրագրված է, որ քննարկվել է կարգավորման գործընթացի ժամանակացույցը և օրակարգը: Եթե չունես բովանդակային բանակցություններ, չունես հստակ պայմանավորվածություններ, նույնիսկ՝ համաձայնություններ, ինչը նույնպես արձանագրված էր հայտարարության տեքստում, ի՞նչ ժամանակացույցի մասին է խոսքը: Եթե դա վերաբերեր ուղղակի հաջորդ հանդիպմանը, ապա ինչպես սովորաբար լինում է, կբավարարվեին հայտարարության վերջում տեղ գտած նախադասությամբ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել կրկին հանդիպել մոտ ապագայում: Սակայն խոսքն ավելի լուրջ ժամանակացույցի մասին է»,- ընդգծել է Վարդանյանը:
Փորձագետն ուշադրություն է հրավիրում ևս մեկ հանգամանքի վրա: «Վարչապետը Կապանում հայտարարեց, որ բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա, ավելին՝ կոչ արեց Արցախի նախագահի թեկնածուներին վերաբերմունք արտահայտել, այսպես կոչված, «մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ՝ դրանք ընունելի՞ են համարում, թե՝ ոչ: Գրեթե բոլոր թեկնածուներն արձագանքեցին՝ քննադատելով այդ սկզբունքները: Եվ դրանից հետո Հայաստանի արտգործնախարարը Ժնևում շարունակեց բանակցություններն այդ նույն սկզբունքների շուրջ»,- նշել է նա՝ հղում կատարելով համատեղ հայտարարության մեջ առկա այն ձևակերպմանը, որ քննարկվել են կարգավորման հիմքը ձևավորող սկզբունքներն ու տարրերը:
«Սկզբունքներ և տարրեր ձևակերպումը կապվում է անմիջապես «մադրիդյան սկզբունքներին» և հանդիպում է, օրինակ՝ Մուսկոկայի հայտարարության մեջ, որտեղ երկրորդ անգամ այդ սկզբունքները հանրայնացվեցին: Եթե այժմ այլ սկզբունքներ ու տարրեր են քննարկվում, ապա պատմության մեջ ամենաթափանցիկ բանակցությունները խոստացող Նիկոլ Փաշինյանը պետք է տեղեկացներ մեզ այդ մասին»,- նշել է նա:
Ամփոփելով, Հասմիկ Վարդանյանն ընդգծել է, որ կարելի է փաստել, որ բանակցային գործընթացը բավական ինտենսիվ առաջ է մղվում, իսկ Հայաստանի իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, որ ոչինչ չի կատարվում: Նա խնդրահարույց դրույթներ է տեսնում նաև հանդիպման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների տարածած հայտարարությունների մեջ: