04/02/2020 15:22
Եթե տաղանդ ունենայինք ցածր ռեյտինգ ունեցող մարդկանց դարձնել հերոս, Դուք վաղուց հերոս կլինեիք. Ռուբեն Ռուբինյանը՝ Էդմոն Մարուքյանին
Վենետիկի հանձնաժողովի նախագահի և ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը՝ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասով, իշխանությունները սխալ են մեկնաբանել, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Երբ ասում են՝ ողջունում ենք այս հայտարարությունները, ուզում են ծածկել իրենց մտահոգությունները: Այսպիսիով թրոլինգի են ենթարկում ԵԽԽՎ համզեկուցողներին և Վենետիկի հանձնաժողովի նախագահին, այսինքն՝ ձեռ են առնում այդ մարդկանց», - ասաց Մարուքյանը:
Վերջինս նշեց՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահն ու համանախագահները ևս մեղավոր են, քանի որ հստակ ձևակերպումներ չեն արել ու արդյունքում՝ իշխանությունները կարողանում են այլ կերպ դրանք մեկնաբանել:
Մարուքյանը նշեց, որ դրանք ուղղված են իշխանություններին, կոչ են նրանց գործողություններն իրավաչափ դարձնելու:
«Այսքան ժամանակ, որ մենք ծախսում ենք այս հայտարարության վրա, սրա կարիքը չէր էլ լինելու: Իշխանությունն ունի մեծ շնորք՝ անիմաստ տեղը, վատ ռեյտինգ, ցածր վստահություն ունեցող որևէ մեկին դարձնելու հերոս: Հիմա սա անիմաստ հերոսացման արդյունք է», - ասաց Մարուքյանը:
Այս հայտարարությունը զայրացրեց «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին, վերջինս արձագանքեց.
«Եթե իշխանությունները տաղանդ ունենային ցածր ռեյտինգ ունեցող մարդկանց դարձնել հերոս, Դուք վաղուց հերոս կլինեիք, պարոն Մարուքյան»:
Մարուքյանն էլ հակադարձեց.
«Ես Ձեզ չվիրավորեցի չէ՞, մի հատ իմ հետ դուրս եկեք փողոց տեսեք Ձեզ կճանաչե՞ն: Ես իմ գնահատականները տվել եմ, ի՞նչ եք նյարդայնանում»: