06/02/2020 11:58
Եթե պետք լինի, 88-ս էլ կստորագրենք, և ՍԴ ճգնաժամը լուծվելու է. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)
Որևիցե արտառոց բան տեղի չի ունեցել, բացի նրանից, որը ԱԺ նախագահը հայտարարեց, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հեղինակը հետ է կանչել նախագծերը։ Իմ գործընկերն արդեն բացատրեց, որ հետկանչման պատճառ կարող է լինել սկսած ստորակետից, վերջացրած որևիցե բառ փոխելուց, և նոր խորհրդի նիստը քննարկելու է նոր նախաձեռնություն», - ասաց Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ եթե ԱԺ նիստը չեղարկվել է, դա նշանակում է, որ այն օրակարգը, որը հաստատվել է, այլևս գոյություն չունի, և օրակարգ է բերվելու նոր հարց.
«Թե ինչ նոր բան կլինի, ես դրա մասին չգիտեմ, հիմա խորհրդի նիստ կհրավիրվի, որից հետո բոլորը կիմանան»։
ԱԺ փոխնախագահն ասաց նաև, թե համացանցում նշվում է, որ անհամաձայնություն կա «Իմ քայլի» պատգամավորների միջև:
«Նշվում է, թե 37-ը ստորագրեցին, էն 38-ը չստորագրեցին: Ուրեմն, եթե պետք լինի, 88-ս էլ կստորագրենք և բոլորիս մոտ նույն կարծիքն է, որ ճգնաժամը լուծվելու է և որևիցե գաղտնիք չկա, որ սա արվում է այդ ճգնաժամը լուծելու համար։ Ինչպես ասվել է՝ շատ շուտով այդ ճգնաժամը լուծվելու է։ Մենք ունեցել ենք հեղափոխության տարբեր փուլեր, մենք ընտրել ենք տարբեր մարտավարություններ։ Հիմա որոշել ենք այս ձևով ձեռք մեկնել ՍԴ դատավորներին։ Հիմա, այո՛, քաղաքական որոշում է կայացվել և ՍԴ-ում առկա ճգնաժամը և ընդհանուր առմամբ դատական համակարգում առկա ճգնաժամը լուծում է ստանալու որպես մի վերջին բաստիոն, որը մնացել է հին Հայաստանից», - ասաց Ալեն Սիմոնյանը։
Ըստ ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի, առաջարկվում է Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարումը. մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»: