06/02/2020 14:52
Լրագրող եղած ժամանակ ՍԴ-ի շուրջ իրավիճակն ընկալե՞լ եք այնպես, ինչպես հիմա, գրե՞լ եք այդ մասին. Գևորգ Պետրոսյանը՝ Հովակիմյանին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց՝ 2015թ.-ին, երբ վերջինս լրագրող էր, ՍԴ-ի շուրջ իրավիճակն ընկալե՞լ է այնպես, ինչպես հիմա է ընկալում, և որպես լրագրող որևէ հրապարակմամբ անդրադարձե՞լ է ՍԴ կազմավորմանը։
Վահագն Հովակիմյանն, ի պատասխան, նկատեց.
«2015թ.-ին ես այլևս լրագրող չէի, «Ժողովուրդ» օրաթերթի փոխխմբագիրն էի: Դուք պետք է թերթեք «Ժողովուրդ» օրաթերթի համարները և հաստատ այնտեղ բազմաթիվ հրապարակումներ կգտնեք, բազմաթիվ խմբագրականներ կգտնեք այդ թեմայով»:
Գևորգ Պետրոսյանը նաև հետաքրքրվեց՝ եթե Սահմանադրական փոփոխությունների նախագծում ասվում է ՍԴ դատավորների լեգիտիմ չլինելու մասին, այդ դեպքում ինչո՞ւ էր իշխանությունն արտոնյալ պայմաններով վաղաժամ թոշակի ուղարկում վերջիններիս։
«Դա պարզված ձեռք էր ՍԴ դատավորներին, դա պարզված ձեռք էր ճգնաժամը լուծելու ուղղությամբ, ինչը իրենք այս պահի դրությամբ դեռ չեն բռնել», - ասաց Վահագն Հովակիմյանը: