06/02/2020 20:37
Ասենք դեմ եղանք՝ ի՞նչ են անելու, պետք ա գան վառե՞ն մեր մեքենաները, հարձակվե՞ն մեր վրա. սա՞ է ձեր երազած ժողովրդավարությունը. Մարուքյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)
Քանի մենք պառլամենտում ենք, գործադիրի ոչ մի ղեկավարի թույլ չենք տա մատ թափ տա պառլամենտի վրա, ԱԺ արտահերթ նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով այսօր ավելի վաղ ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։
«Վարչապետի ելույթն ուշադիր լսեցի։ Այդ ելույթի մի ամբողջական հատված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մեծ նամակից էր, որտեղ նկարագրում է՝ ինչպես է ձևավորվել Սահմանադրական դատարանը, մի հատվածը՝ հայտնի քրեական գործից է, որը հարուցված է նախկին ԱԺ նախագահի նկատմամբ և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալի նկատմամբ, բայց ինձ մոտ հարց առաջացավ՝ եթե դատավարոներ կան, որոնք նշանակված են Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից կամ հետո՝ այլ նախագահների կողմից, ուրեմն նրանք չպիտի՞ պաշտոնավարեն։ Սա, կարծում եմ, սխալ տրամաբանություն է, որովհետև այն մարմինները, որոնք ըստ Սահմանադրության անկախ են, պետք է ունենան տարբեր ժամկետներով պաշտոնավարող դատավորներ՝ տարբեր իշխանությունների կողմից նշանակված», - ասաց Մարուքյանը։
Նա ընդգծեց՝ այս ամենն էլ մի կողմ, վարչապետի ելույթում իրեն ամենից շատ անհանգստացրել է մոտեցումը, որ վերջինս սպառնում է բոլոր այն ուժերին, ովքեր կարող են իրավական ճանապարհով վիճարկել այսօրվա որոշումները։
«Դուք ասում եք՝ «այն ուժերը, որոնք իրավական ճանապարհով կամ այլ կերպ այնպես կանեն, որ հանրաքվե չլինի, կհայտարարվեն հակապետական ուժեր»։ Երկրորդ՝ ասում եք՝ «այն ուժերը, որոնք կաջակցեն այս պրոցեսին կհամարվեն ազգի նվիրյալներ»։ Այսինքն, կներեք, դու՞ք եք որոշում՝ ովքեր են հակապետական ուժերը ու ովքեր են ազգի նվիրյալները, մենք էս ո՞ւր ենք գնում, պարո՛ն վարչապետ։ Սա՞ է ձեր երազած ժողովրդավարությունը։ Այսինքն՝ ձեր երազած ժողովրդավարությունը նա է, որ գործադիր իշխանության ղեկավարը կարող է հայտարարել ազգի թշնամիներին և ազգի բարեկամներին, նվիրյալներին։ Կարող ա՝ սրբեր կարգի, դավաճաններ կարգի, անիծյալներ կարգի, սատանաներ օրհնի...սա ի՞նչ քաղաքականություն ա, պարո՛ն վարչապետ։ Սա ժողովրդավարությո՞ւն է կոչվում», - ասաց Մարուքյանն՝ ավելացնելով.
«Քանի դեռ մենք էս պառլամենտում ենք, ոչ մի գործադիր իշխանության ղեկավար թույլ չենք տա մատ թափ տա պառլամենտի վրա։ Դա իմացեք։ Ասենք դեմ եղանք՝ ի՞նչ են անելու՝ պետք ա գան վառե՞ն մեր մեքենաները, հարձակվե՞ն մեր վրա։ Փոխանակ ասեք՝ ով համաձայն չի, պետությունը կապահովի իրենց անհամաձայնությունը ժողովրդավարությանը համապատասխանաբար»։