07/02/2020 18:39
Լավ ենք անում՝ անուններ չենք տալիս. ԶՈՒ ԳՇ պետը՝ խախտումներ թույլ տված սպայակազմի մասին
Վերցրեք նույն ինքնասպանությունների քանակը և համեմատեք ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի բանակներում տեղի ունեցած դեպքերի հետ։ Սա արդարացում չէ։ Իհարկե, ունենք բացթողումներ, լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում խաղաղ պայաններում բանակում մահվան 4 դեպքերին։
«Բայց որ հրապարակումներ կան, որ ոչ մեկ իր տեղում չի... Մենք էլ ենք տեսնում, գիտակցում այդ խնդիրները, որոնք կան Զինված ուժերում։ Իսկապես, անցած տարի զոհերը քիչ էին, մեր նպատակն է, որ զոհեր ընդհանրապես չունենանք։ Մենք գնում ենք դրան։ Եթե ձևը գիտեք՝ եկեք իրար հետ աշխատենք։ Ցավակցելով հարազատներին՝ կասեմ, որ բոլոր դեպքերով ընթանում են իրավական գործընթացներ, քրական գործեր կան։ Դատարանը պետք է դնի վերջակետը, քանի չի դրել, ձեռնպահ կմնամ խոսել», - ասաց ԶՈՒ ԳՇ պետը։
Արտակ Դավթյանը նշեց՝ իր համար հասկանալի չէ՝ ինչ է նշանակում գնալ խաղաղ պայմաններում մահվան դեպքերից յուրաքանչյուրի հետևից։
«Առաջին, պետք է հասկականք՝ հետևից գնալ ասելով՝ ի՞նչ եք հասկանում։ Երկրորդ, ե՞ս պետք է գնամ, թե՞ դուք։ Բոլոր զանգերը, որոնք հանցակազմ են պարունակում, փոխանցվում են իրավապահ մարմիններին։ Որևէ դեպք թաքցնելու խնդիր ԶՈՒ-ն իր առջև չի դրել, բոլոր դեպքերի մասին հայտարարում ենք, բոլոր դեպքերը ստանում են իրավական գնահատականներ», - ասաց նա։
Դիտարկմանը, որ պաշտոնական հաղորդագրություններում չեն հաղորդվում խախտումներ թույլ տված սպայակազմի անունները, Դավթյանն արձագանքեց, եթե լրագրողները չեն հավատում պատասխանատվության ենթրակվածների մասին պաշտոնական ինֆորմացիային, ապա ինքը պատրաստ է փակ հանդիպում կազմակերպել, անուններ հայտնել, ընդհուպ՝ նշված անձանց կանչել և ներկայացնել լրագրողներին։
«Ենթադրենք՝ ազգանուն ասեցինք, ինչը՞ փոխվեց։ Լավ ենք անում, որ անուններ չենք տալիս, ո՞ր օրենքն է պարտադրում ինձ, որ անուն տամ։ Գրավոր դիմեք՝ կհայտնենք», - ասաց նա։