13/02/2020 11:22
Նիկոլ Փաշինյանի հետ ահագին ժամանակ ա չենք հանդիպել, դատարկ-դատարկ խոսում են. Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հերքում է, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցով հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու պայմանավորվածություն ձեռք բերել:
«Նիկոլ Փաշինյանի հետ ահագին ժամանակ ա չենք հանդիպել, դատարկ-դատարկ խոսում են, այդպիսի բան չի կարող լինել ու չկա», - ասաց Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում:
Դիտարկմանը, թե խորհրդարանում նախագծի ընդունման ժամանակ քվեարկությանը չմասնակցելը փաստում է, որ ԲՀԿ-ն խուսափում է հստակ դիրքորոշում հայտնել, նա ասաց.
«Ծառուկայնն այն աստիճանի է հասել, որ տակից վրից խաղեր տալու ճանապարհներն անցել է»:
Նա նաև հավելեց, որ վաղը տեղի կունենա ԲՀԿ քաղխորհրդի նիստը, որի քննարկումների արդյունքում էլ ԲՀԿ-ն կհայտարարի իր դիրքորոշումը:
Ավելի վաղ նախագահը ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամի պաշտոնավարումը: