13/02/2020 11:07
Պատրա՞ստ ենք ունենալու ազգային փոխադրող, որը դատարկ ինքնաթիռներով է թռչելու. Քաղավիացիայի կոմիտեի նախագահ
Հարցը նրանում չէ՝ մեզ ազգային փոխադրող պետք է, թե ոչ։ Հարցը նրանում է, թե ինչպես կարող ենք ունենալ մրցունակ փոխադրող, ԱԺ-ում հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։
«Մենք պատրա՞ստ ենք ունենալու ավիաընկերություն, որը դատարկ ինքնաթիռներով է թռչելու, պատրա՞ստ ենք որպես պետություն այդ ծախսը կրել։ Ավիացիայում կոնսոլիդացիա է գնում, մրցակցությունը բարդանում է։ Մրցակցելու համար պետք է 200-300 ինքնաթիռ ունենալ», - ասաց նա։
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը Տաթևիկ Ռևազյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է միշտ այնպես ստացվում, որ դեպի Երևան չվերթները հիմնականում ուշ երեկոյան կամ գիշերն են տեղի ունենում։
«Մեր շուկան եղել է տրանզիտ ուղևորի շուկա։ Ուղևորի համար է արվել այնպես, որ առաջին կետին հասնի այն ժամին, որպեսզի երկրորդ չվերթից չուշանա։ Հաշվարկներն ավիաընկերությունն է անում։ Եթե մտածում եք՝ դա Հայաստանին նեղացնելու համար է արվում, ապա դա այդպես չէ», - ասաց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը։