13/02/2020 13:17
Վարչապետի և պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերը Գերմանիա ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը. Էդուարդ Աղաջանյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հերքում է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո։
«Ֆեյսբուքյան օգտատեր Էմիլ Բաբայանն իր էջում գրել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո:
Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված գումարի չափը իրականության հետ որևէ աղերս չունի: Եվ երկրորդը՝ Գերմանիայի Դաշնություն վարչապետի և պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը»,-Facebook-յան իր էջում գրել է Աղաջանյանը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-15-ն աշխատանքային այց կկատարի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Այցի ընթացքում վարչապետը Բեռլինում հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Երկու երկրների ղեկավարները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:
Կառավարության ղեկավարը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպում կունենա ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ:
Հունվարի 14-ին վարչապետ Փաշինյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ: