13/02/2020 16:19
Զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով մեղադրյալներից մեկն ազատվել է կալանքից
Հունվարի 30-ին զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով երեք մեղադրյալներից մեկի խափանման միջոցը փոխվել է, Aysor.am-ին ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանը։
«Զինծառայողի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը», - ասաց նա։
Հիշեցնենք՝ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում ու ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դավիթ Առաքելի Մովսիսյանի, Խաչիկ Արմենի Գասպարյանի, Սպարտակ Արթուրի Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել էր, որ ՊՆ-ն իր լիազորությունների շրջանակներում աջակցելու է նախաքննության օբյեկտիվ իրականացման գործընթացին։