13/02/2020 15:16
Ինձ համար միևնույն է ձեր «հանրաքվեն», բայց միևնույն չէ՝ ինչ է կատարվում բանակում, որովհետև 2 տարի անց իմ որդին գնալու է ծառայության. Ռուբեն Մխիթարյան
«Gyumri.HighCLASS» կրթամշակութային հիմնադրամի ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինձ համար միևնույն է ձեր «հանրաքվեն»...
Բայց միևնույն չէ, որ այս տարվա սկզբից բանակում՝ խաղաղ պայմաններում ունենք 10-ից ավելի զոհ:
Ինձ համար միևնույն է ձեր «հանրաքվեն», բայց միևնույն չէ, որ հերթական զոհի հարազատները անհուսալիությունից դրդված նորից փողոց են փակելու ու իրենց հանգստացնելու համար գնալու է անձամբ նախարարը, երբ-որ անձամբ «մեծն» դատախազը եթե զորամասերից դուրս չգար, կարող է և բանակում միջանձնային հարաբերությունները այլ որակի դառնային:
Ինձ համար միևնույն է ձեր «հանրաքվեն», բայց միևնույն չէ, որ սևազգեստ մայրերի քանակը 10-ով ավելացավ ու հիմա հաստատ ինչ-որ մի «բութ» էակ, ողբացող ու բոլորին ու բոլորիս՝ մարդկանց, երկրին, կառավարությանը անիծող սգավոր մորը անվանելու է «հակահեղափոխական»:
Ինձ համար միևնույն է ձեր «հանրաքվեն», բայց մինևնույն չէ ձեր ընկալումը երկրի զարգացման վերաբերյալ, որովհետև ձեր համար զոհերի քանակը տարվա վերջի թվային վիճակագրություն էք դարձրել ու հիմա ծպտուններդ չի ելնում:
Ինձ համար միևնույն է ձեր «հանրաքվեն», բայց միևնույն չի, թե ինչ է կատարվում բանակում, որովհետև՝ այո, իմ մայրն էլ է սևազգեստ ու ես էլ ՀՀ 3.000.000 վարչապետերից մեկն եմ, ինչպես ասում է երկրի ղեկավարը ու թող հիմա մեկը բախտը փորձի ինձ անվանի հակապետական կամ թշնամի: Իմ ընտանիքը ամբողջությամբ զգացել է այն, ինչ ցավոք զգում են հիմա այդ ծնողները:
Ինձ համար միևնույն է ձեր «հանրաքվեն», բայց միևնույն չէ, թե ինչ է կատարվում բանակում, որովհետև 2 տարի անց իմ որդին գնալու է բանակ ու ծառայելու է իր հայրենքին անկախ նրանից, թե ով է էդ պահին ՍԴ նախագահը, կամ վարչապետը, այ հենց դրա համա էլ ինձ համար միևնույն է ձեր «հանրաքվեն» ու միևնույն չեն բազմաթիվ գերկարևոր հարցեր»։