14/02/2020 19:55
ԱԳՆ քաղաքականությունը նպաստում է այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» լեգիտիմացմանը. Փորձագետ
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն իր ջայլամային քաղաքականությամբ նպաստում է այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» լեգիտիմացմանը, Aysor.am-ի հետ զրույցում նշել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը:
«Նախօրեին տեղեկություն հայտնվեց, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկը հանդիպել է «ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ: Ավելի վաղ այդ մտացածին միավորը լեգիտիմացնելու ուղղությամբ քայլերով և հայտարարություններով հանդես էին եկել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները՝ այդ թվում ՌԴ ԱԳ նախարարի մակարդակով: Սա չի կարող իր արտացոլումը չունենալ, եթե արդեն իսկ չունի, բանակցային գործընթացի վրա», - նշում է Վարդանյանը:
Փորձագետի կարծիքով՝ այս ամենը որպես հակամարտության կարգավորման գործընթացի հետ որևէ կապ չունեցող ներկայացնելու ԱԳՆ քաղաքականությունը որևէ կերպ չի խոչընդոտում այդ միավորի միջազգային լեգիտիմացմանը և Ղարաբաղյան հակամարտությունը միջհամայնքային հարթություն տեղափոխելու ադրբեջանական ջանքերին:
«Այս համատեքստում բավականին հետաքրքիր է հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ժնևյան հանդիպումից հետո ԱԳՆ բառակազմում «Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ» ձևակերպման հայտնվելը, որը միջազգային փաստաթղթերում Արցախի սուբյեկտայնության տեսանկյունից մեզ համար ամենաշահեկան ձևակերպումը չէ»», - նշում է Վարդանյանը՝ հավելելով, որ Ադրբեջանում կայացած արտահեթ խորհրդարանական ընտրություններով Բաքուն, օգտվելով դրանից, փորձեց լուծել «ադրբեջանական համայնքի» ղեկավարին որպես Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչ ներկայացնելու հարցը:
Փորձագետը չի բացառում, սակայն քիչ հավանական է համարում, որ պաշտոնական Երևանը դիվանագիտական փակ խողովակներով աշխատում է ադրբեջանական այս ջանքերը տապալելու ուղղությամբ: «ՀՀ իշխանությունները, այդ թվում վարչապետի մակարդակով, մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ դեմ չեն ադրբեջանական պատվիրակության կազմում բանակցային սեղանին «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հայտվելուն, ինչը հակամարտության միջհամայնքային երանգ է հաղորդում: Համայնքի ներգրավումը ոչ միայն խեղաթյուրում է Ղարաբաղյան հակամարտության էությունը, այլև բավականին բարդ իրավիճակ է ստեղծում հայկական կողմերի համար բանակցային գործընթացում», - եզրափակում է փորձագետը: