14/02/2020 11:55
Նա, ով կասի «հեղափոխությունը խլում են», իմացեք՝ նա ստում է. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հերքում է, որ ժամանակին Թևան Պողոսյանը հաշտեցրել է իրեն ու Նիկոլ Փաշինյանին, երբ դեռ երեքն էլ պատգամավորներ էին:
«Թևան Պողոսյանին չի հաջողվել մեզ մերձեցնել: Այդ երեկոյից հետո Փաշինյանն ամենավատ ելույթն է ունեցել Վանաձորում, հետևաբար՝ Պողոսյանին չի հաջողվել մեզ մերձեցնել, հետևաբար մարդիկ սխալ են հիշում այդ պատմությունը», - ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Մարուքյանը:
Վերջինս ընդգծեց, որ իրենց դեմ սանձազերծված, սահմաններից դուրս հակաքարոզչություն է իրականացվում ու դա արվում է միայն նրա համար, որ իրենք համաձայն չեն իշխանությունների հետ:
«Իշխանությունն իր հետ չհամաձայնող մարդկանց ասում է՝ «նախկին եք, ծախված եք, սև եք»: Այսինքն՝ ի՞նչ է եղել. ոչ մի բան, մի հարց կա մենք համաձայն չենք, իրենք ուրիշ ձև են տեսնում, մենք ուրիշ: Նայեք մարդկանց որակը, էսա իրանց որակը», - ասաց Մարուքյանը:
Դիտարկմանը, թե իշխանությունն ասում է, որ ընդդիմության նման քայլերը փորձ են հեղափոխությունը մարդկանցից խլելու, Մարուքյանն ասաց.
«Նա, ով կասի «հեղափոխությունը խլում են», իմացեք՝ նա ստում է: Հեղափոխությունը ոչ ոք ոչ մեկից չի կարող խլել», - ասաց նա:
Խոսելով իր ու Փաշինյանի հարաբերությունների մասին՝ Մարուքյանը նշեց, որ հպարտ է իր ու Փաշինյանի անցած ճանապարհի համար և ոչ մի բանի համար չի փոշմանում: Նա ընդգծեց, որ ինքն ու Փաշինյանը պարզապես միշտ գաղափարական տարբերություններ են ունեցել.
«Որևէ սև կատու մեր մեջ չի անցել, որևէ անձնական խնդիր չկա»: