15/02/2020 14:54
Անգելա Մերկելի՝ Վենետիկի հանձնաժողովի հետ կապված նախադասությունը չհիշատակելը եղել է թարգմանչի կողմից բացթողում. վարչապետի աշխատակազմ
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն անհիմն է համարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից փետրվարի 13-ին արված մամուլի հայտարարությունների հետ կապված բոլոր շահարկումները, այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հայտնում ենք, որ Վենետիկի հանձնաժողովի հետ կապված նախադասությունը չհիշատակելը եղել է թարգմանչի կողմից բացթողում, և եթե վարչապետի լրատվական ծառայությունը որևէ տեղեկատվություն ցանկանար թաքցնել կամ չներկայացնել, ապա վարչապետի գրեթե բոլոր հանդիպումներն ուղիղ հեռարձակմամբ չէր ներկայացնի։ Տեղեկացնում ենք նաև, որ վարչապետի պաշտոնական կայքում շահարկվող հատվածի թարգմանությունը ներառվել է», - ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պարզաբանման մեջ:
Ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին՝ հիշատակելով Վենետիկի հանձնաժողովը, ինչի մասին հայերեն թարգմանության մեջ խոսք չկա: Աշոտյանը նշել էր, որ այդ հատվածը բացակայում է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունից: