17/02/2020 15:55
Պետք է հասկանանք՝ վարչապետը փա՞ստ է ներկայացնում, թե՞ փաստի վերաբերյալ իր մեկնաբանությունը. Արմեն Մինասյան (Տեսանյութ)
Այսօր Հայաստանում հակառակ տեսակետ ունեցողին լռեցնելու փորձերը շատ են, «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները՝ սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը:
Վերջինս նկատեց, որ վարչապետն անձամբ խոսում է որոշ հեռուստաընկերությունների կոռումպացված լինելու մասին, որոշ լրատվամիջոցներ էլ մեղադրվում են հակապետական կամ հակահեղափոխական գործունեության մեջ.
«Միևնույն ժամանակ, ունենք որոշակի իրավիճակ, որն արժեքային դաշտում է, հատկապես սոցիալական գործողությունների ձևով, երբ կազմվում են անցանկալի լրատվամիջոցների ցանկեր, անցանկալի փորձագետների ցուցակներ: Սա միայն Հայաստանում չէ», - ասաց նա:
Ըստ քաղաքագետի՝ այսօր կա նաև խնդիր տարանջատելու փաստը մեկնաբանությունից.
«Պետք է հասկանանք՝ վարչապետը փա՞ստ է ներկայացնում, թե՞ փաստի վերաբերյալ իր մեկնաբանությունը», - ասաց նա:
Խոսելով տեղեկատվական արխիվի մասին՝ Մինասյանն ընդգծեց, որ այստեղ ևս խնդիրներ կան՝ պաշտոնական տեղեկատվության հսկայական մասը կարող է կորել.
«Որևէ մամուլի խոսնակ տեղեկատվությունը բացառապես հրապարակում է ֆեյսբուքի էջում, մի օր խռովում է, ֆեյսբուքի էջն անջատում է, գնում է իրենց տուն և մենք հսկայական ինֆորմացիա կորցնում ենք», - ասաց նա:
Մինասյանն ասաց, որ խոսքի ազատության և մամուլի նկատմամբ ճնշումները ևս ակնհայտ են, չկա հասարակական բանավեճ, մամուլն ու իրավապաշտպան կառույցները ճամբարավորված են՝ բարիկադների տարբեր կողմերում են.
«Ոչ միայն դիալոգ չկա մեդիայի ներսում, առհասարակ՝ հասարակության ներսում չկա դիալոգ», - ասաց նա: