17/02/2020 16:39
Սոցիալական ցանցերում փաստաբանների դեմ հարձակումներն ուղղորդվում են. Արամազդ Կիվիրյան
Փաստաբաններն անուղղակի կերպով նույնացվում են իրենց վստահորդների հետ և ենթարկվում նույն ճնշումներին, ինչ իրենց վստահորդները։ Դա է պատճառը, որ որոշ անձինք փորձ են կատարում հրապարակային ճնշում գործադրել փաստաբանների վրա, քննարկման ժամանակ ասաց փաստաբան Արամազդ Կիվիրյանը։
«Սոցիալական հարթակներում տեղի են ունենում փաստաբանների նկատմամբ անդեմ հարձակումներ, որոնք, կարծում եմ, ուղղորդվում են։ Նրանց դեմ իրավական գործընթաց սկսելը դժվարանում է, որովհետև չգիտենք՝ նրանք ովքեր են», - ասաց բանախոսը:
Անդրադառնալով իր էլեկտրոնային փոստը կոտրելու և ֆեյսբուքյան էջը ջնջելու միջադեպին՝ Արամազդ Կիվիրյանը նշեց, որ իրեն հարցրել են, թե ինչու այդ միջապեդից հետո չի դիմել իրավապահ մարիններին։
«Ես պատասխանեցի՝ դիմեմ այն մարմիններին, որոնք անօրինական ձևով գաղտնալսո՞ւմ են փաստաբաններին և ապօրինի մուտք են գործում փաստաբանների գրասենյա՞կներ։ Նման մարմիններ դիմելու ցանկություն չունեմ։ Բայց քանի որ դեպքերը շատացել են, կարծում եմ՝ մենք պետք է հստակ քայլեր ձեռնակենք՝ նման գործընթացները բացառելու», - նշեց Կիվիրյանը։