17/02/2020 14:05
Մյունխենից հետո հայ հասարակությունը կոնկրետ հարցերի պատասխանի կարիք ունի. Հերմինե Մխիթարյան
Վարչապետը պիտի պարզաբանումներ ներկայացնի նաև, թե ինչու՞ և ի՞նչ նպատակով չհակադարձեց Ալիևի՝ խնդիրը բացառապես փուլային տարբերակով լուծելու պնդումներին: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ Մյունխենում կայացած Արցախի հարցով քննարկմանը:
«Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացած քննարկումը ՀՀ և Ադրբեջանի առաջնորդների մասնակցությամբ հերթական ապացույցն էր, որ կողմերը խոսում են տարբեր լեզուներով, որ Բաքուն չի հրաժարվել իր առավելապաշտական նկրտումներից և, որ ամենացավալին է, մենք 1.8 տարի անց դեռ լիարժեք չենք տիրապետում խնդրի էությանն ու բովանդակությանը», - նշեց փորձագետը՝ ավելացնելով, որ վերջինի պարագայում խնդիրը, թերևս, վարչապետին պատրաստող թիմինն է՝ ԱԳՆ-ից մինչև վարչապետի աշխատակազմ:
«Ալիևի կողմից Մյունխենում հերթական անգամ հնչեցվեցին թեզեր, որոնց պատասխանները թեև ակնկալվում էր, բայց չստացանք Հայաստանի առաջնորդի կողմից: Նախ, բանակցություններին Արցախի լիարժեք մասնակցության վերականգնման հարցի հետ կապված: Ալիևը առավել քան հստակ ասաց, որ քանի դեռ Հայաստանն իր զորքերը չի հանել Արցախից, բացառվում է, որ իրենք խոսեն, բանակցեն Արցախի հետ: Հիշեցնեմ՝ Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու հարցը Փաշինյանը դրել էր 2018թ.-ի մայիսից՝ որպես այս հիմնախնդրում իրենց առաջնային նպատակ: Այսօր, կարծում եմ, հայ հասարակությունը կարիք ունի ստանալու այն հարցի հստակ պատասխանը, թե Բաքվի նման մոտեցումների պարագայում՝ ի՞նչ ճանապարհով ենք պարտաստվում իրականացնել այս նպատակը», - նշեց Մխիթարյանը:
Փորձագետի կարծիքով՝ վարչապետը պիտի պարզաբանումներ ներկայացնի նաև, թե ինչու՞ և ի՞նչ նպատակով չհակադարձեց Ալիևի՝ խնդիրը բացառապես փուլային տարբերակով լուծելու պնդումներին.
«Հայկական կողմերը բանակցային ողջ գործընթացում առաջ են տարել խնդրի լուծման փաթեթային տարբերակը՝ բացառելով իրավիճակ, երբ Արցախի կարգավիճակի հարցի լուծումը կթողնվի անորոշ ապագայի: Մյունխենում Ալիևը բաց տեքստով խոսեց հենց այս մասին՝ նշելով, որ կարգավիճակի հարցը պիտի թողնեն հետագայում լուծելու ու առաջ գնան փուլային տարբերակով: Մեր լռությունն այս դեպքում համաձայնության նշա՞ն էր»:
«Արցախի հարցում միկրոհեղափոխություններ խոստացող վարչապետը դեռ 2 տարի առաջ ժողովրդին խոստանում էր լինել ամենաթափանցիկ, «ամենաժողովրդական» բանակցողը: Ի՞նչ է փոխվել այս երկու տարիների ընթացքում, և ի վերջո, ինչի՞ շուրջ ենք բանակցում, ու՞ր ենք գնում Արցախի բանակցային գործընթացում: Այս հարցերը օր օրի ավելի մեծ տագնապ ու անհանգստություն են առաջացնում», - ամփոփեց փորձագետը: