18/02/2020 16:00
Զինված ուժերում ինքնասպանության դրդելու պատճառներ չպետք է լինեն. Քոչարյան
Պաշտոնանկությունները վատ բան չեն. դրանք առողջացնող, նաև սթափեցնող դրսևորումներ ունեն, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Գլխավոր շտաբի պետը մեզ ներկայացրեց ոչ միայն այս տարվա փետրվարի զինվորների մահվան դեպքերի տվյալներ, այլև 2019թ. և դրան նախորդող տարիների փետրվար ամիսների դեպքերը և համեմատականը: Մեր Զինված ուժերում ինքնասպանության դրդելու պատճառներ չպետք է լինեն։ Պետք է ամեն ինչ հասցնենք այն մակարդակի, որպեսզի, այսպես ասած, «ախպերության» սկզբունքն անելիք չունենա», - ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ինքնասպանությունների վերջին դեպքերը եղել են Պաշտպանության բանակում՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ չպետք է տարանջատել միասնական անվտանգության համակարգը:
Բանախոսի համոզմամբ՝ չպետք է կիրառվեն արցախցի, հայաստանցի բնորոշումները, դա արհեստածին մոտեցում է։