20/02/2020 12:29
Այսօրվա աուրայում իշխանությանը պետք է, որ հակադրություն լինի. Էդմոն Մարուքյան
Հեղափոխությունից հետո պետք է հասկանալ՝ մարդիկ ինքնուրո՞ւյն են մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, թե գյուղապետերն են նրանց ուղղորդելու, այսօր PR դպրոցի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ ասաց Էդոմոն Մարուքյանը։
«Չկա քարոզչություն, չկա հակաքարոզչություն։ Կա միայն «Այո»։ Ի սկզբանե պրոցեսն ապօրին էր, դրա համար էլ մենք խորհրդարանում դեմ ենք քվեարկել։ Այսօրվա աուրայում իշխանությանը պետք է, որ լինի հակադրություն, իսկ մենք կոչ ենք արել, որ հակադրություն չլինի։ Մեր կոչն, ըստ էության, տեղ է հասել, չկա «Ոչ»-ի քարոզ։ Թող այս վիճակում գնան, «Այո» քարոզեն», - ասաց Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին ԱԺ-ն 88 կողմ, 15 դեմ ձայնով ընդունել էր Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ նախագիծը։
ԲՀԿ-ն հայտարարել էր, թե չի մասնակցում քվեարկությանը, «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարել էր, որ դեմ է, «Իմ քայլը» խմբակցությունը՝ կողմ։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ։