20/02/2020 11:38
Սովորե՛ք մարդկանց հետ մարդավարի խոսել, այլապես իմ վերաբերմունքը ավելի կփոխվի. Սոֆյա Հովսեփյանը՝ առողջապահության նախարարության որոշ աշխատակիցներին
Երեկ զանգ եմ ստանում : Լացով ինձ է զանգել Մարալիկի ծննդատան աշխատակիցը, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
« Տիկին Հովսեփյան, էս Գայանե Ավագյանը , ամեն ինչ կանի, որ ծննդատունը փակվի, ինչ սուտ ասես հորինում է, աչքի առաջ սարքը կա ասում է չկա»:
Հարցը պարզում եմ մի քանի հոգուց, հավաստիանում այդ կնոջ վերաբերմունքի մասին:
Զանգում եմ այդ Գայանե Ավագյանին և հարցիս ի պատասխան առաջին բառը լսում եմ. «վիրահատարանի լամպի մեկ լամպչկան չէր աշխատում», սկսում է այստեղից և այլևս կարկամում եմ հանգիստ խոսել: Այս կնոջ մասին բավականին բաներ լսել էի՝ անբարեհամբույր վերաբերմունքի, չոր մոտեցումների, «ղասաբի» կեցվածքի հետ կապված և դա առաջին անգամը չէ, ինչպես հասկանում եմ Առողջապահության նախարարության որոշ աշխատակիցների մոտ սա վարքագիծ է:
Իր կերպարին համապատասխան սկսեց ինձ ներկայացնել և ամենածիծաղելին, որ իրենց ուղարկած չափորոշչից դուրս պահանջներ էր (էս անգամ փոխվել էր), որը անգամ Երևանի ծննդատներում չկա, այդ թվում նաև Շիրակի մարզի իրենց շատ սիրելի բաժանմունքում:
Որքան հասկացա փորձում են խնդիրներ ստեղծել, բայց քանի որ որևէ կերպ այս հարցը, բացի հանրայինից չեմ պատկերացնում, մենակ տեղեկացնեմ՝ ծննդատունը, թե Մարալիկի, թե Գյումրիի գործելու է:
Մարդկանց ահաբեկելով ոչնչի չեք հասնի, սա ասում եմ որպես մարզի ընտրված, ժողովրդի քվեն վաստակած պատգամավոր:
Երեկ գրություն եմ ուղարկել նախարարություն արձանագրությունը ստանալու համար և հուսով եմ՝ խելամիտ պատասխան կգա:
Սովորե՛ք մարդկանց հետ մարդավարի խոսել, այլապես իմ վերաբերմունքը ավելի կփոխվի: Ամեն ինչ կարելի է անել մարդկայնորեն, ողջամիտ բառեր ու վերաբերմունք ընտրելով, բայց չէ՜, ամեն մեկը իրեն իրավունք է վերապահում հոխորտալու:
Ինձ այստեղ բարոյախրատական ճառեր չասե՜ք, չդաստիարակե՛ք, երկուսն էլ ունեմ, կարիքի դեպքում կարող եմ օգնել ձեռք բերեք :
#ՀոխորտալուԱրդյունքըՎատԿլինի
#ԾննդատունԷլԳործելուԷ», - գրել է նա: