20/02/2020 13:05
ՍԴ շուրջ տեղի ունեցողը՝ նեղ անձնական և նեղ «թայֆայական» շահ է. Քաղաքագետ
Անտրամաբանական է տարվա մեջ երկու անգամ փոփոխություն մտցնել Սահմանադրության մեջ և դա դնել հանրաքվեի, այսօր հրավիրված մամուլի ասուլիսն ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Կոնկրետ հարցը վերաբերում է Հրայր Թովմասյանին։ Ես նրա ոչ երկրպագուն եմ, ոչ կողմնակիցն եմ, բայց ինձ, որպես ՀՀ քաղաքացի, մինչև հիմա որևիցե մեկը չի համոզել, թե ինչն է պատճառը, որ Հրայր Թովմասյանը խանգարում է հեղափոխությանը, եթե ՀՀ գործող իշխանությունները մեծ հաճույթով համագործակցում են նախորդ իշխանության ներկայացուցիչների հետ, որոնցից շատերին Նիկոլ Փաշինյանը բացահայտ մեղադրում էր հանցագործություններ կատարելու կամ հանցագործությունները թաքցնելու մեջ», - ասաց Գագիկ Համբարյանը։
Նա հիշեցրեց, որ դեռևս 2013 թվականին Նիկոլ Փաշինյանն ինչպես էր հեգնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, անեկդոտներ էր պատմում նրա մասին։
«Ինձ հետաքրքիր է, թե ըստ Փաշինյանի 2013 թվականի ընտրությունները կեղծած Տիգրան Մուկուչյանն ինչու է հիմա ընդունելի իշխանությունների համար որպես ԿԸՀ նախագահ, բայց Հրայր Թովմասյանը՝ հանցագործ։ Կողմ կլինեի այն տեսակետին, որ Հրայր Թովմասյանը պետք է հրաժարվի ՍԴ նախագահի պաշտոնից այն պարագայում, եթե նույն Տիգրան Մուկուչյանը, կամ նախորդ իշխանությունների հետ շատ սերտ համագործակցած և Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս հանցագործությունները թաքցնելու մեջ մեղադրված գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս հրաժարական տային», - ասաց քաղաքագետը։
Համբարյանի գնահատմամբ՝ խնդիրն այն է, որ ընտրակեղծարարության շղթայական գործը փորձում են բարդել մեկի վրա։
«Այն, ինչ տեղի է ունենում ՍԴ շուրջ, նեղ անձնական և նեղ թայֆայական շահ է։ Պարոն Փաշինյանը չի կարող ընդունել հանգամանքը, որ ՀՀ-ում կան իշխանական օղակներ, որոնք գործում են կամ անկախ, կամ չեն ենթարկվում իրեն», - ասաց Համբարյանը։