21/02/2020 09:55
«Իրատես». Ծխելու դեմ օրենքն «Իմ քայլում» «կռիվ է գցել»
«Իրատես» թերթը գրում է, որ օրերս Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունված ծխելու մասին օրենքը բավական բուռն քննարկումների, անգամ վեճերի պատճառ է դարձել հենց իշխող խմբակցության ներսում: Պատգամավորների մի մասն ընդգծված բացասական վերաբերմունք է ունեցել նախագծի առնչությամբ: Ոչ միայն ներքին խոսակցություններում, այլև հենց նախագծի քննարկման ու քվեարկության ժամանակ մի քանի պատգամավոր բավական կոշտ է արտահայտվել՝ այն համարելով խոցելի ու թերի մշակված:
«Նախագիծը ոչ թե ծխողների դեմ պետք է լինի, այլ ծխելու: Այնպիսի օրենք են գրել, որ մարդ միայն սեփական տանը կարողանա ծխել, այն էլ՝ առայժմ: Դա էլ բավարար չէ, ասում են, թե պետք է արգելել բոլոր այն սննդատեսակները, որ ծխախոտ են հիշեցնում, օրինակ, աղի ձողիկներն ու շոկոլադե գլանակները: Դա աբսուրդ է, որովհետև իմ երեխաները, օրինակ, աղի ձողիկներ շատ են սիրում, ինչպե՞ս կարելի է դա արգելել», - «Իրատեսի» հետ զրույցում ասել է «Իմ քայլի» պատգամավորներից մեկը:
Թերթի տեղեկություններով՝ նախագծի քվեարկությունից հետո բավական բուռն խոսակցություն է ծավալվել պատգամավորների ու առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի միջև: Որոշ պատգամավորների դուր չի եկել իրենց «ըմբոստ» գործընկերների պահվածքը, ասել են՝ եթե հարցեր կային, կարող էին նախքան լիագումար նիստը պարզաբանել ու թույլ չտալ, որ նիստերի դահլիճում իշխող ուժի ներկայացուցիչները հակադարձեն կառավարության իրենց գործընկերներին: Զեյնալյանի մոտ էլ դժգոհել են, թե բոլորի աչքի առաջ միմյանց վրա «մուննաթ գալն» անընդունելի է, հետևաբար պետք է անել հնարավորը Թորոսյանի պատիվը գետնով չտալու և իմքայլական գործընկերներին սաստելու համար: