24/02/2020 18:23
ՀՔԾ-ն տեղեկություն է տարածում, թե ինձ նոր մեղադրանք է առաջադրվել. Արսեն Բաբայան
ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը տեղեկացնում է, որ ՀՔԾ-ն տեղեկություն է տարածում, թե իրեն նոր մեղադրանք է առաջադրվել։
«Իրականում քննիչն իր որոշմամբ ինձ առաջադրված մեղադրանքը փոփոխել է։ Ինչպես հիշում եք, դեռևս այդ անհեթեթ քրեական գործի հարուցման պահից ես ու պաշտպանական թիմս խոսել ենք ինձ առաջադրված մեղադրանքի (իշխանության յուրացում) աբսուրդ լինելու մասին։ Պարբերաբար հայտարարել են, որ առաջադրված մեղադրանքն իրականության հետ որևէ կապ չունի, որ այն բացառապես քաղաքական դրդապատճառներով ապօրինի քրեական հետապնդում է։
Վերջին օրերին դատախազությունը հայտնել էր, որ արդեն երկրորդ անգամ չի հաստատել ինձ առաջդրված մեղադրանքը և գործը վերադարձրել է լրացուցիչ քննության։ Այդպիսով հաստատվել են մեր ամիսներ շարունակ արվող պնդումները, որ առաջադրված մեղադրանքն անհեթեթություն է, սոսկ ֆուտուրիզմի շարքից։
Այսօր հրավիրված էի ՀՔԾ, որտեղ փոփոխության ենթարկվեց ինձ առաջադրված մեղադրանքը։
Քննչական-դատախազություն պինգպոնգից հետո քաղաքական իշխանությունը ստիպված եղավ ընդունել, որ իշխանության յուրացում որևէ դեպքում տեղի չի ունեցել։ Իսկ այսօրվա փոփոխությամբ, որն ավելի մեղմ է, քան իշխանության յուրացումը՝ կրկին անհեթեթ մեղադրանք առաջադարվեց, իբր, պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք։
Շատ հետաքրքիր դատաքննություն է սպասվում, եթե իհարկե, դատախազությունն այս անգամ հաստատի մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկի դատարան։
Ամենահետաքրքիրը դեռ առջևում է, իսկ քրեական գործի նյութերով, ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել ապացուցվել է հանցադեպի բացակայությունը։
Դատարանում քաղաքական իշխանությանը շատ հետարքքիր խայտառակություն է սպասվում», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Արսեն Բաբայանը։