24/02/2020 15:04
Երկշաբաթյա ժամկետը նախնական է, որպեսզի հասկանանք՝ զարգացումն ինչ ծավալների է հասնում. Գոռ Գևորգյանն՝ Իրանի հետ սահմանը փակելու մասին
Իրանի Իսլամական Հանրապետության հետ առաջիկա մեր շփումներն ավելի ինտենսիվ կլինեն՝ հասկանալու կորոնավիրուսի շուրջ եղած զարգացումները, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Գոռ Գևորգյանը:
Պատգամավորը նկատեց՝ երկու շաբաթով Իրանի հետ սահմանը փակելու մասին որոշումը դժվար թե լուրջ խնդիրներ առաջացնի Հայաստանի համար:
«Երկուշաբաթյա ժամկետը նախնական է, որպեսզի հասկանանք՝ զարգացումն ինչ ծավալների է հասնում: Հարկ եղած դեպքում այս հարցը ևս մեկ անգամ կդնենք քննարկման: Հույս ունենք, որ մարդկությանը սպառնացող նման երևույթները հնարավորինս կարճաժամկետ կլինեն, բայց պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման ու դրանց համապատասխան արձագանքելու: Սա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում հույս ունենք, որ էսկալացիայի շրջանակները կշրջափակվեն», - ասաց նա:
Գևորգյանն ընդգծեց՝ Հայաստանը տիրապետում է բոլոր այն միջոցառումներին, որոնք անհրաժեշտ կլինի ձեռնարկել հանրապետության տարածքում կորոնավիրուս հայտնաբերելու դեպքում։ Նա հորդորեց խուճապի չմատնվել:
«Ցանկացած հարցի շուրջ խուճապը վատ բան է: Մենք ունենք խնդիր, որը մեր հարևան բարեկամ պետությունում է, ուզում ենք անել այնպես, որպեսզի այդ խնդիրը մեր հանրապետության տարածք չտեղափոխվի, դրա համար ձեռնարկել ենք համապատասխան միջոցառումներ», - ավելացրեց Գևորգյանը: