24/02/2020 16:19
Երեք լրագրող փոխանակելով՝ առաջ չենք շարժվում. Արսեն Խառատյան (Տեսանյութ)
«Վստահության ամրապնդման վարժությունները պետք է շատ լրջացվեն հիմա. մենք, երեք լրագրող փոխանակելով, առաջ չենք շարժվում», - այս մասին «Առաջին հայացքից» հաղորդման ընթացքում անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկայիս գործընթացներին` ասել է «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը:
«Ընդհուպ մինչև 2016 թվականը (2016 թվականից հետո մեծ հաշվով բանակցություններ չեն եղել), բայց 2018 թ. ներառյալ, հայ-ադրբեջանական բազմաշերտ դիվանագիտության տարածքը շատ ավելի ակտիվ ու ինտենսիվ էր, քան այսօր: Այսինքն` տարբեր խմբեր, այնուամենայնիվ, տարբեր շրջանակներում խոսում էին` սկսած սահմանային գյուղապետերից, որոնք հավաքվում էին, օրինակ, Թիֆլիսում: Ամիս չէր անցնում, որ մի հայ-ադրբեջանական երկխոսություն չլիներ` լրագրողներ, քաղաքացիական հասարակության տարբեր շերտեր, խմբեր, գրողներ, հրապարակախոսներ, տարբեր քաղաքական հիմնադրամների կողմից տարբեր ֆորմատներով դիալոգներ և այլն: Այս գործընթացը բավականին կանգնել է հիմա: Սա կանգնել է նաև, կարծում եմ, այն պատճառով, որ այսպես ասեմ, փչացնողն ադրբեջանական կողմն է եղել։ Հատկապես մի հանգամանք էլ կար՝ Ադրբեջանի քաղհասարակության այն հատվածը, որը խոսում էր հայերի հետ, երկրում զբաղվում էին մարդու իավունքների խնդիրներով: Մարդու իրավունքների խնդիրներով զբաղվելու համար պատժվում էին, բայց անունը դնում էին հայերի հետ լրտեսական գործունեություն ծավալելը», - ասել է Խառատյանը:
Ըստ նրա՝ այս առումով մենք բավականին շատ գործընկերներ ենք կորցրել, ուստի, եթե Ադրբեջանը հակված է խոսել լայն հանրային տարածքում հայկական կողմերի հետ, ապա այդտեղ պիտի ռեալ մարդիկ լինեն և ոչ թե իրենց անվտանգության մարմիների կամ արտգործնախարարության լիկբեզը կարդացած, անգիր արած տեքստեր ասողներ:
Մանրամասները` տեսանյութում։