24/02/2020 12:08
Մենք այլևս հրաժարվում ենք գիտության ոլորտում կոսմետիկ փոփոխություններից. Արայիկ Հարությունյան
Շարունակում է գործել բուհերի կառավարման ներկայիս սխեման, որն, արտաքուստ հավասակշռված լինելով հանդերձ, կառավարչական լուրջ թերություներ ունի։ Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումների թեմայով ԱԺ լսումների ժամանակ նման տեսակետ հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Նոր օրենքի անհրաժեշտությունը բխում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնման կարևորությունից։ Օրենքի նախագծով նախատեսվում է բուհերի կառավարման խորհրդի կազմը սահմանափակել 12 անդամով, որոնցից 6-ը՝ բուհի ներկայացուցիչ, այդ թվում՝ մեկն ուսանող, մյուս 6-ը՝ գործարար շրջանակներից, հասարակական հատվածից։ Պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնողների գործունեությունն արգելվում է», - պարզաբանեց նախարարը։
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ սա հեղափոխական նախագիծ է, և իրենք ունեն բավարար կամք՝ փոփոխություններ կատարելու օրենքում։
«Մենք այլևս հրաժարվում ենք գիտության ոլորտում կոսմետիկ փոփոխություններից։ Մենք շրջադարձային փոփոխություններ ենք ունենալու», - ասաց բանախոսը։