25/02/2020 14:25
Ես զարմանում եմ, որ սպասում էիք՝ պարզ հարց տամ. Պատգամավորը՝ Ռուստամ Բադասյանին
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ որտեղ և ինչպես պետք է բողոքարկվեն սահմանադրական հանրաքվեի արդյունքները, եթե հաշվի առնենք, որ այդ մարմինը չի կարող իրականացնել իրեն իսկ վերաբերող հարցի քննությունը։
«Անակնկալ հարց էր», - նկատեց նախարարն, այնուհետև հիշեցրեց, որ, եթե այնպիսի խախտումներ են գրանցվել, որոնք ազդել են հանրաքվեի արդյունքների վրա, խմբակցությունները կարող են դիմել ՍԴ։
«Սա է միակ հիմքը, դիմելու սուբյեկտը խմբակցությունն է։ Եթե ինքնաբացարկի կամ մասնակցության անհնարինության հարցն եք բարձրացնում, դա ներքին հարց է։ Եթե դիմում լինի, արդեն ներքին հարց է՝ ինքնաբացարկ պե՞տք է ներկայացնել, թե՞ պետք չի ներկայացնել։ Բավական բարդ հարց եք տալիս, որի պատասխանը միանշանակ չէ», - ասաց Ռուստամ Բադասյանը։
Ի պատասախան ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ես զարմանում եմ, որ սպասում էիք՝ պարզ հարց տամ։ Ես այստեղ չեմ գտնվում պարզ հարցեր տալու համար»։