26/02/2020 11:32
Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու փաստը ոչ թե հերքվել է, այլ՝ հաստատվել․ որոշումը կբողոքարկվի. փաստաբան
Քրեական գործի նյութերով ոչ թե հերքվել է, այլ՝ հաստատվել Դավիթ Սանասարյանի կողմից անչափահաս Ա.Ղ.-ին վրաերթի ենթարկելու փաստը, իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«ՀՀ ՊՎԾ կասեցված ղեկավար պ-ն Դ.Սանասարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ իր կողմից անչափահասի վրաերթի քրեական գործը կարճվել է, քանի որ փորձագետը հաստատել է իր անմեղությունը: Ինքը երբևէ «..երեխային մեքենայի տակ չի գցել, երեխան իր անզգուշության արդյունքում կողքից դիպչել է մեքենային ու վայր ընկել»։
Որպես անչափահաս տուժողի ներկայացուցիչ պետք է հանրությանը հայտնեմ հետևյալը՝
Քրեական գործի նյութերով ոչ թե հերքվել է, այլ հաստատվել է Դ.Սանասարյանի կողմից անչափահաս Ա.Ղ.-ին վրաերթի ենթարկելու փաստը: Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը պարզապես գտել է, որ նա տեխնիկական տեսակետից հնարավորություն չի ունեցել կանխելու վրաերթը: Այդ եզրահանգման հետ տուժող կողմը չի համաձայնվել, հարցաքննվել է փորձագետը, այնուհետև միջնորդություն է ներկայացվել լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին, ինչը հավանաբար, դատելով Դ.Սանասարյանի գրառումից, մերժվել է, իսկ քրեական գործի վարույթը կարճվել է: Որոշումը տուժող կողմը չի ստացել, ստանալուն պես այն կբողոքարկվի:
Հիշեցնեմ, որ վրաերթի հետևանքով անչափահաս Ա.Ղ-ն ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ:
Հ.Գ. Ավելի մանրամասն իրավիճակը, այն է՝ դատաավտոտեխնիկական ոլորտի փորձագետի տարօրինակ և անհասկանալի մոտեցումները, կներկայացնեմ հետագայում՝ որոշումը ստանալուց հետո», - գրել է Աթանեսյանը։
Դավիթ Սանասարյանը, հիշեցնենք, երեկ ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցել է իր անմեղությունը, հետևաբար, քրեական գործը կարճվել է։
Հիշեցնենք՝ Analitik.am-ը գրել էր, որ Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին:
Հրապարակումից հետո Սանասարյանն ուղիղ հեռարձակմամբ հայտարարել էր, որ երեխայի մայրը հեռախոսազրույցի ընթացքում իրենից պահանջել է գումար՝ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում նրա վերաբերյալ արատավորող տեղեկություն կհայտնի լրատվամիջոցներին: