26/02/2020 22:27
«Այո»-ի շտաբի բրենդինգի գումարը կփոխանցվի ոչ թե հաղթող «Garօօn Agency» կազմակերպությանը, այլ «Երեկոյան Երևան» թերթի նախկին աշխատակիցներին
Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբը որոշել է բրենդինգի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 միլիոն դրամ գումարը փոխանցել ոչ թե հաղթող «Garօօn Agency» կազմակերպությանը, այլ «Երեկոյան Երևան» թերթի նախկին աշխատակիցներին։
3 միլիոն դրամը կփոխանցվի թերթի 1991 թ․-ի խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանին, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղարիբյանին և Նարոյան Ստեփանի իրավահաջորդին։
Յուրաքանչյուրին՝ 1 միլիոն ՀՀ դրամ։
Այդ մասին տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։
Նշենք, որ սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի լոգոն, պարզվում է, նոր չէ մտածված։ Իրավապաշտպան, «Ոչ» քարոզչական նախաձեռնության անդամ Արսեն Բաբայանը Ֆեյսբուքում 90-ականների մամուլից մի լուսանկար է հրապարակել, որը 1991 թվականի անկախության հանրաքվեի «Այո»-ի քարոզն է ներկայացնում։ Լուսանկարում զանգի մեջ պատկերված «Այո»-ն կրկնում է «Այո» քարոզչական կողմի՝ օրերս հրապարակած լոգոյի «Այո»-ն։