26/02/2020 13:35
Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունը շատ կարևոր է. ՄԻՊ
Փետրվարի 21-22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը եղել է Արցախում, այցելել զորամասեր, կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Նա եղել է նաև Ռազմական ոստիկանությունում, տեղի են ունեցել զինծառայողների հետ առանձնազրույցներ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն՝ ավելացնելով, որ այցի արդյունքներն ամփոփվում են և կներկայացվեն Պաշտպանության նախարարությանը։
«Ուշադրություն ենք դարձել հատկապես իրավունքների ապահովման հետ կապված հարցերին։ Համար մեկ հարցը բուժծառայությունների բարելավման անհրաժեշտությունն է։ Կարծում եմ՝ Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունը շատ կարևոր է։ Ես կողմնակից եմ, որ լինի քաղաքացիական վերահսկողություն», - ասաց պաշտպանը։
Թաթոյանը տեղեկացրեց, որ այցի սկզբում հանդիպում է ունեցել նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և ՊԲ հրամանատարության հետ։
«Շատ արդյունավետ հանդիպում էր», - ասաց նա։
Մարդու իրավուքնների պաշտպանը միաժամանակ տեղեկացրեց, որ Արցախ կատարած այցի ընթացքում այցելել են «Շուշի» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել մի քանի կալանավորների հետ։