26/02/2020 13:47
ՄԻՊ Արման Թաթոյանն այցելել է «էլիտար» զորամաս, զրուցել զինծառայողների հետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախի իր գործընկերոջ հետ այցելել է այն «էլիտար» զորամասը, որտեղ, մամուլի հրապարակումների համաձայն, ժամկետային զինծառայություն են անցնում մի շարք պաշտոնյաների զավակներ։
«Այդ զորմասի զինծառայողների հետ առանձնազրույցներ ենք ունեցել։ Առանձնազրույցներ ունեցել ենք նաև նույն զորմասի՝ երեք կալանավորված զինզառայողների հետ», - ասաց նա։
Հարցին՝ իր աչքով տեսե՞լ է այն արտոնյալ վիճակը, որ ստեղծված է պաշտոնյաների որդիների ծառայության համար կամ առհասարակ ցցուն խնդիրներ նկատե՞լ է, ՄԻՊ-ը հարցով պատասխանեց՝ կա՞ մի տեղ, որտեղ խնդիր չլինի։
«Իհարկե, մենք պետք է համատեղ ուժերով նպաստենք բանակում քրեական ենթամշակույթի վերացմանը։ Մենք պետք է ռազմավարություն ունենանք», - ընդգծեց Թաթոյանը։
Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Ստեփանակերտից ոչ հեռու տեղակայված N զորամասում ծառայում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ՝ ձևավորելով, այսպես կոչված, «էլիտար» զորամաս։