26/02/2020 22:41
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի փոխտնօրենը բերման է ենթարկվել (Լուսանկարներ)
Ոստիկանությունը բերման է ենթարկել ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյան. Վերջինս բերման է ենթարկվել Նոր Նորքի բաժին։
Բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, թե այս պահին ոստիկանության բաժնում են կենտրոնի աշխատակիցները՝ սատարելու իրենց գործընկերջը։
Նա ասաց, որ ոստիկանություն է ժամանել նաև Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։
«Նախարարն ապօրինի կերպով աշխատանքից հեռացրել է ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենին, նշանակել է ժամանակավոր պաշտոնակատար, ով եկել է ու առանց որևէ հիմքի ուզել է տնօրենի աշխատասենյակի դուռը բացել, կնիքն է ուզել և այլն, փոխտնօրենը հրաժարվել է տրամադրել , և հրաժարվելու համար բերման են ենթարկել, ընդ որում, բերման են ենթարկվել առանց որևէ փաստական հիմք ունենալու», - ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ այսօր առողջապահության նախարարի հրամանով՝ լուծարվել է ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով:
Նախարարի մեկ այլ հրամանով՝ կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը:
Վերջինիս հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր` մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Հունվարի 30-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բողոքելով ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու որոշման դեմ: