27/02/2020 12:58
Նախորդ տարի վթարների հետևանքով զոհվել է 341, մարմնական վնասվածք ստացել՝ 6801 մարդ. ՃՈ պետ
2019 թվականի ընթացքում հաշվառման է վերցվել զոհերով և վիրավորներով 4799 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 341, մարմնական վնասվածք ստացել՝ 6801 մարդ։ 2018-ի համեմատությամբ՝ պատահարների քանակն աճել է 688-ով կամ 16.7 տոկոսով, վիրավորների թիվը՝ 851-ով, զոհերի թիվը նվազել է 2-ով, «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը։
Բանախոսը միաժամանակ տեղեկացրեց, որ ՀՀ ներմուծված ավտոմեքենաների մոտ 70 տոկոսը 10 և ավելի տարիների արտադրության են։ Բացի տրանսպորտային միջոցների մաշվածությունից, ըստ Կարապետյանի, վթարների հիմնական պատճառներ են դառնում ամրագոտի չօգտագործելը, ղեկին ծխելը կամ հեռախոսով խոսելը։
«Պատահարների 45.3 տոկոսը տեղի է ունեցել Երևան քաղաքում։ Հաշվառման է վերցվել մինչև 16 տարականի մասնակցությամբ 521 պատահար, որի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 604 երեխա», - ասաց ՃՈ պետը։