27/02/2020 11:56
Բիզնեսից ազդակներ են գալիս, թե «որտեղ եք ուզում մեզ գցեք». ՀՀ վարչապետ
2019 թվականը հետհեղափոխական կառավարության առաջին լիարժեք տարին էր, դա շատ կարևոր է և 2019 թվականը պետք է ցույց տար կառավարության գործունակության աստիճանը, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2019 թվականին Հայաստանում գրանցվել է 2008 թվականից ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7,6, որը ԵԱՏՄ, հարևան երկրների, եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ ամենաբարձրն է», - ասաց նա:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ սա առաջին տարին է՝ մշակվող արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում գյուղատնտեսությունից ավելին է:
Վարչապետը տեղեկացրեց, որ տնտեսության մեջ ամենաբարձր աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ոլորտը, ապրանքների և ծառայությունների արտահանումը 10,3 տոկոսով է աճել:
«Ես արտադրողների հետ եմ խոսել, մրգային գինիների հետ կապված հետաքրքրիր պրոցեսներ են գնում, մենք պետք է աջակցենք նրանց, քանի որ նոր գլոբալ հայկական բրենդ ստեղծելու հավանականություն կա: Աշխարհում նռան գինին սկսում է ավելի դուր գալ և այս համատեքստում արժե մտածել մեր ինտելեկտուալ սեփականությունը «Յունեսկոյում» գրանցելու մասին», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, թե 15 տոկոս զբոսաշրջության աճ ունենք, ներդրումները հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել են 2,1 միլիարդ դոլար, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 465 միլիոն դոլարով կամ 27,6 տոկոսով:
«Նախկինում արված քաղաքակաան հայտարարության շրջանակներում բյուջեի եկամուտները աճել է 43,6 տոկոսով՝ մեկ միլիարդ 60 միլիոն դոլարով: Մենք 42 միլիարդ դրամ վերադարձրել ենք բիզնես, և բիզնեսից ազդակներ են գալիս, թե «որտեղ եք ուզում մեզ գցեք»։ Մեր հույսը այն է եղել, որ բիզնեսը, գործընկերային քայլը գնահատելով, այդ գումարները կներդնի տնտեսության մեջ», - ասաց Փաշինյանը։
Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակն ունի։