27/02/2020 12:39
2019-ին կայացվել է ճանապարհային երթևեկության անվտանգության իրավախախտման մոտ 2 միլիոն դեպք. ՃՈ պետ
2019 թվականի ընթացքում կայացվել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտման 1 միլիոն 959 հազար 170 որոշում, «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը։
«Տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով նախազգուշացվել է 298 հազար 645 անձ, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու գործով կայացվել է 4803 որոշում, պահպանվող տարածք է տեղափոխվել 14 հազար 807 տրանսպորտային միջոց, որից 9405-ը՝ Երևան քաղաքում», - ասաց Կարապետյանը։
ՃՈ պետը միաժամանակ տեղեկացրեց, որ 2019 թվականի ավարտին տեսանկարահանող սարքերով վերահսկվել է Երևան քաղաքի 147 խաչմերուկ, միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհներին շահագործվում է 169 արագաչափ սարք, որից 90-ը՝ Երևան քաղաքում։
«Հոգեբուժական և թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառվել է վարորդական վկայականներ ստացած 473 անձ, վկայականները ճանաչվել են ուժը կորցրած», - նշեց նա։