27/02/2020 12:11
Կաշառք ստանալու համար մեղադրվող Վահագն Վերմիշյանին ազատեցին աշխատանքից
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին ազատել աշխատանքից։
Փետրվարի 10-ին Վահագն Վերմիշյանը կալանավորվեց, ձերբակալվել էր փետրվարի 5-ին։ Վերմիշյանը մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Ինքը՝ Վերմիշյանը, խոստովանել է, որ կաշառք է ստացել։
Վահագն Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվեց 2019 թվականի մարտի 21-ին։
«Որոշել եմ աշխատել իմ հայրենիքի համար», - նշանակման օրը Կառավարության նիստում ասել էր Վերմիշյանը։
Փետրվարի 6-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Վերմիշյանի դեպքին՝ ընդգծելով, թե «սա մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից ուրախ իրադարձություն է»։
Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։
Դատարանի որոշման հիման վրա նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամանակով։