28/02/2020 18:22
Փաշինյանի անչափահաս դուստրը դատի է տվել AntiFake.am-ի հիմնադրին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին: Այս մասին գրում է armtimes.com կայքը։
Շուշան Փաշինյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցում վճարել:
Հայցը ներկայացվել է փետրվարի 26-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին:
Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը Սամսոնյանի կողմից հունվարի 26-ին ֆեյսբուքյան էջում կատարված գրառումն է: Նա գրել էր, թե իբր վարչապետի միջնեկ աղջիկը 1 կիլոգրամը 3 հազար դոլարով սև իկրա է ուտում:
«Մենք պահանջում ենք հրապարակայնորեն հերքել այդ սուտ տեղեկատվությունն իր ֆեյսբուքյան էջում կամ 1000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով, ինչպես նաև փոխհատուցել Շուշան Փաշինյանին 2 մլն դրամ, այնպես, ինչպես սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով», - ասաց Գյոզալյանը:
Քանի որ Շուշան Փաշինյանն անչափահաս է, փաստաբանից հետաքրքրվեցինք՝ արդյոք նա կարո՞ղ է հայց ներկայացնել, Գյոզալյանը պատասխանեց.
«Բացարձակ խնդիր չկա. Երեխայի իրավունքի մասին օրենսդրություն ունենք, ինչպես նաև՝ միջազգային պայմանագրեր, որ ՀՀ-ն վավերացրել է: Բացի դրանից, Քաղաքացիական օրենսգրքով օրինական ներկայացուցիչներն իրավասու են երեխայի արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած անձի դեմ որոշակի գործողություններ կատարել: Անձի արժանապատվությունն անքակտելի է: Ես մինչ օրս չեմ ունեցել նման գործ, որ հենց անչափահասը լինի իմ վստահորդը, բայց դատարանն այլ տարբերակ չունի, քան հայցը վարույթ ընդունել, քանի որ այլ պարագայում կլինի մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում»:
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իր հավաստի տեղեկություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախակի 1 կիլոգրամը 3 հազար դոլարով դստեր համար խավիար է գնում։ Ավելի ուշ նա այդ գրառման համար հրավիրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության։
Սամսոնյանի խոսքով՝ հարցաքննության ընթացքում քննիչ Լեռնիկ Սարգսյանը 7-10 րոպեով դուրս էր եկել սենյակից, ապա վերադարձել ու նոր հարցեր տվել, որից հետո Սամսոնյանի պատասխաններից որոշ հատվածներ չէր ներառել ցուցմունքում: Քննիչը վերելակի մոտ Սամսոնյանին սպառնացել էր, որ դատելու է:
Նարեկ Սամսոնյանը նաև նշել էր, որ որպես սուտ մատնություն դիտարկվել է, ոչ թե իր հայտարարությունն այն մասին, որ վարչապետի ընտանիքի համար 1 կգ 3000 դոլարով «իկրա» է ձեռք բերվել, այլ հայտարարության այն հատվածը, որում պնդել է, թե վարչապետը հրահանգել է ՊԵԿ-ին զբաղվել «իկրա» վաճառող ռեստորանի հարցերով, այն բանից հետո, երբ անկանխիկ վճարելու համար 3000 դոլարի փոխարեն ռեստորանը 5000 դոլար է պահանջել: