29/02/2020 10:20
«Ժողովուրդ». Արցախում լարվածություն չկա, այդ թվում՝ նախագահի թեկնածուների միջև
«Ժողովուրդ» թերթը գրում է, արդեն մի քանի օր է՝ Արցախում սկսվել է մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների քարոզչությունը: Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ևս առաջադրվել է Արցախի նախագահի ընտրություններում ու, կարելի է ասել, ակտիվ քարոզչություն է իրականացնում այս օրերին:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արայիկ Հարությունյանը նշել է, թե ընդհանուր գոհ է իր հանդիպումներից, և ընդգծել, որ Արցախում լարվածություն չկա, այդ թվում՝ նախագահի 14 թեկնածուների միջև:
«Լարվածություն չկա, հավատացե՛ք: Շատ հանգիստ, շատ համերաշխ վիճակ է, նորմալ քարոզչություն է ընթանում, նախընտրական վիճակ է, ամեն մի թեկնածու իր քարոզչությունն է իրականացնում: Դա ավելի շատ մամուլում է գրվում, տարածվում, քան կա իրականում», – նկատել է Հարությունյանը:
Ընդ որում, Հարությունյանը ընդգծել է, թե անգամ չընտրվելու պարագայում պատրաստ է լինելու ծառայել երկրին: Սակայն այս պահի դրությամբ, ամեն դեպքում, Հարությունյանը վստահ է իր ուժերին:
«Համոզված եմ, որ ժողովրդի վստահության քվեն մերն է լինելու, բայց եթե չէ, ապա պատրաստ եմ լինելու ծառայելու առողջ, կառուցողական ընդդիմության կարգավիճակում: Որոշողը ժողովուրդն է լինելու, բայց ես այս պահին իսկապես ժողովրդի մեծ աջակցությունը տեսնում եմ», - ասել է Հարությունյանը: