29/02/2020 14:26
Մարտի 1-ին առաջին շարքում կանգնած ոստիկանները զինված էին բացառապես պաշտպանական միջոցներով և մահակներով. Խուդոյան (Տեսանյութ)
Մարտի 1-ին առաջին շարքում կանգնած ոստիկանները զինված էին բացառապես պաշտպանական միջոցներով և մահակներով, «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը:
Անդրադառնալով ոստիկանության զորքերի սպա Համլետ Թադևոսյանի մահվանը՝ Խուդոյանն ասաց, որ սկզբում հայտարարեցին, թե նրա բաճկոնն իշխանությունը կորցրել է՝ թաքցնելու համար, որ Թադևոսյանը կամ իր գործընկերները անզգուշությամբ պայթեցրել են իրեն:
Մինչդեռ վերջինս նշեց, որ լուսաձայնային նռնակը, որը պնդումների համաձայն կիրառվել է ոստիկանության կողմից, չունի այդքան էներգիա և նախատեսված չէ մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Փաստաբանը նկատեց նաև, որ այդ նռնակները բազմաթիվ անգամ հանրահավաքներում կիրառվել են:
«Ես անձամբ տեսել եմ՝ ինչպես է մարդու ոտքը արյունահոսում դրա հետևանքով, բայց դրանք մակերեսային վերքեր են: Դրա հետևանքով մահ չի առաջանում: Երբ այդ միֆը կառուցվում է նրա շուրջ, որ ոստիկանն իրեն կամ իր գործընկերոջը պայթեցրեց ու ցուցարարները որևէ մեղավորություն չունեն, նռնակն էլ մի կողմ թողնենք, տեսանյութերով հստակ տեսնում եք, թե ինչպես են ցուցարարները 10-30 շիշ «մոլոտովի կոկտեյլներ» վառում նույն տեղում, որտեղ տեղի ունեցավ պայթունը՝ ոստիկանների ոտքերի տակ», - ասաց Խուդոյանը:
Նա ընդգծեց, որ դրանից հետո մի շարք ոստիկաններ են այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց, մինչդեռ անտրամաբանական պնդումներ են եղել այդ օրվա իրավիճակի ժամանակ: Մասնավորապես, Խուդոյանն անտրամաբանական որակեց այն պնդումները, թե հատուկ միջոցները չէին կարող կիրառվել ցուցարարների կողմից ու հավանաբար դրանք կիրառել են ոստիկանները:
«Նշվել է, որ եթե հաստատվեց, որ դա հատուկ միջոց է, ապա դա պետք է լինի ոստիկանինը, այլ ոչ թե ցուցարարներինը: Եթե ցուցարարը շրջանառությունից դուրս գտնվող մարտական նռնակ կարող է ունենալ, ինչո՞ւ չի կարող ունենալ հատուկ միջոց: Հենց սա էլ ելակետ է հանդիսանում, որպեսզի ամբողջ պատասխանատվությունը դրվի ոստիկանության վրա: Այդ ամենի սկզբնական պահին ոստիկանության առաջին շարքում կանգնածները համալրված են եղել բացառապես պաշտպանական միջոցներով և մահակներով», - ասաց նա: